National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.03.2016
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
1 / 6

Մարտի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ստեղծվել է 2007-ին, եւ տարիների ընթացքում հասունացել է կոմիտեի ծավալած գործունեությանը եւ հեռանկարային ծրագրերին անդրադառնալու պահը:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտը կանոնակարգող հիմնական իրավական ակտերին, ներկայացրել կոմիտեին հատկացվող պետական ֆինանսավորման հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ինչպես նաեւ խոսել հեռանկարային ծրագրերի մասին: Սամվել Հարությունյանի խոսքով՝ 2007 թվականից մինչ այսօր կատարվել է հսկայական աշխատանք, որին արժե անդրադառնալ մանրամասն՝ խորհրդարանին եւ հանրությանը տեղյակ պահելով կատարված աշխատանքի, ունեցած ձեռքբերումների եւ հեռանկարային ծրագրերի մասին: Պարոն Հարությունյանը նշել է, որ 2015-2019 թթ. գիտության եւ տեխնիկայի զարգացման համար սահմանվել են վեց գերակա ուղղություններ՝ հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ եւ անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումանասիրություն, երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական եւ սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ:

Սամվել Հարությունյանն անդրադարձել է պետական ֆինանսավորման հիմնական ուղղություներին. բազային ֆինանսավորում, որով ֆինանսավորվում են պետական գիտական կազմակերպություններ եւ բուհեր՝ 196 բազային ծրագիր: Նպատակային ֆինանսավորումը հատկացվում է գիտական կազմակերպություններին եւ բուհերին՝ 16 ծրագիր 2015 թվականի դրությամբ: Թեմատիկ ֆինանսավորումը տրվում է հետազոտական խմբերին, անհատ հետազոտողներին եւ գիտական կազմակերպությունների ու բուհերի ասպիրանտներին: 2015 թվականի դրությամբ ֆինանսավորվում է 169 թեմա:

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զեկուցողը կարեւորել է մի շարք ծրագրեր՝ կիրառական արդյունքի ձեռքբերման ծրագիրը, գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավվածության ծրագրերը, գիտական ենթակառուցվածքների արդիականացման եւ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին հավելավճարի տրամադրման ծրագրերը:

Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաեւ լայնամասշտաբ ծրագրերին եւ միաջազգային համագործակցությանը՝ փաստելով, որ 2008-2013 թթ. ընթացքում կնքվել է երկկողմ համագործակցության 29 պայմանագիր: 2015 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագրի կնքմանը:

Ամփոփելով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գործունեության վերաբերյալ զեկույցը՝ կոմիտեի նախագահը խոսել է նաեւ հեռանկարային ծրագրերի մասին:

Սամվել Հարությունյանը մանրամասն պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ լսել նրանց առաջարկները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am